Պորտուգալիայում սկսվել են «դեղին ժիլետներ» շարժման բողոքի ակցիաներ

Ֆրանսիայում սկիզբ առած «դեղին ժիլետների» շարժումը տարածվել է և այժմ սկսվել է Պորտուգալիայում։ Այս մասին գրում է TASS՝ հղում կատարելով EFE գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցող հանրահավաքների ընթացքում լուրջ միջադեպեր դեռ տեղի չեն ունեցել։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս բողոքի մեծ ակցիա կանցկացվի Լիսաբոնի կենտրոնում։

«Պորտուգալիայի դեղին ժիլետների շարժում»-ը սոցցանցերի միջոցով կոչ էր արել 25 բողոքի ակցիա անցկացնել երկրի 17 քաղաքներում։ Երկրի իշխանությունները ակտիվ ծառայության են ուղարկել 20 հազար ոստիկանի, սակայն դեռ հույսեր ունեն, որ ամեն ինչ կանցնի խաղաղ։

Ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափը, վերանայել գործազրկության նպաստները, իջեցնել ավելացված արժեքի հարկը և մանր ձեռնարկատիրության հարկը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպել են «դեղին ժիլետներ» կոչվող շարժումը։ Նրանք դժգոհում են վառելիքի գների թանկացման և հարկերի ավելացման դեմ։

Բողոքի ակցիաները երբեմն ուղեկցվում են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով։ Չնայած վերջին շրջանում իշխանություների կողմից կատարված զիջումներին հարկերի և նվազագույն աշխատավարձի չափի վերաբերյալ, «դեղին ժիլետները» պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է քաղաքական կուսակցությունների և միավորումների ներկայացուցիչների հետ, սակայն ճգնաժամային իրավիճակից դուրս գալու որևէ տարբերակ չի գտնվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.