«Ռոսկոմնադզոր»-ը ստուգումներ է սկսել BBC-ում
«Ռոսկոմնադզոր»-ը ստուգումներ է սկսել BBC World News-ում՝ պարզելու, թե արդյոք հրապարակված նյութերը չեն հակասում ՌԴ օրենսդրությանը։ Այս մասին գրում է Russia Today-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստուգումներ սկսած գերատեսչությունից հայտնում են, որ սա, ըստ էության, պատասխան է ոլորտը կարգավորող մարմնի՝ բրիտանական Ofcom-ի կողմից RT-ի նկատմամբ սկսված ստուգումներին։ Կրեմլում ընդգծում են, որ BBC-ն Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում է կողմնակալ կերպով։
««Ռոսկոմնադզոր»-ն սկսում է լրացուցիչ ստուգումներ անցկացնել BBC World News հեռուստաալիքի նկատմամբ, որը հեռարձակվում է ՌԴ տարածքում», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ընդգծում է, որ բրիտանական կառավարության միջամտությունները ռուսական լրատվամիջոցների ներքին գործերին այլ տարբերակ չեն թողել Մոսկվայի համար։
BBC-ն իր հերթին հայտարարել է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի մյուս պետություններում «հեռուստադիտողին է ներկայացվում օբյեկտիվ տեղեկություն՝ հետևելով տվյալ երկրի օրենսդրությանը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին բրիտանական Ofcom ընկերությունը, որն զբաղվում է ոլորտի կարգավորմամբ, հրապարակել էր RT-ում այս տարվա գարնանը կատարված ստուգումների արդյունքները։ 10 նյութերի ստուգումից հետո ընկերությունը որոշեց, որ դրանցից 7-ում, որտեղ ներկայացվել էին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, տեղի են ունեցել հեռարձակման կանոնների խախտումներ։
«Երեկ բրիտանական Ռոսկոմնադզոր-ը մեզ ուղարկեց 7 զգուշացում, որոնց բացարձակ անհիմն են։ Նրանք ուղղակիորեն հասկացրեցին մեզ, որ կզրկեն արտոնագրից», - հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։