Շվեդիայում սկսվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը հասել է մինչև Շվեդիայի տնտեսական գոտի։ Այս մասին տեղեկացնում է SR ռադիոալիքը։
Նշվում է, որ դեկտեմբերի 23-ին Solitaire նավն սկսել է խողովակների տեղադրումը, որոնք ավելի վաղ բերվել էին նավահանգիստ։ Շվեդիայի տնտեսական գոտում աշխատանքները կշարունակվեն մինչև հաջորդ տարվա ամառ։
Նոր նավահանգստի շինարարության գործին արդեն կցվել է 110 աշխատող։ Նախատեսվում է աշխատողների թիվը ավելացնել ևս 30-ով։
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։
Բացի այդ՝ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը չեն հաստատել ծրագրի իրականացումը։ Այս երկրների ղեկավարները համոզված են, որ ծրագիրը քաղաքական է։