Ճապոնիան վերսկսում է կետորսությունը՝ չնայած միջազգային հանրության դժգոհությանը
Ճապոնիայի կողմից կետորսությունը վերսկսելու մասին որոշումը փաստում է, որ երկիրը համահունչ չի քայլում միջազգային հանրության հետ։ Այս մասին ասվում է Greenpeace International կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոշիհիդե Սուգան հայտարարել էր, որ իր երկիրը որոշել է դուրս գալ Կետորսության միջազգային հանձնաժողովից և մյուս տարվա հուլիսից վերսկսել իր գործունեությունն այդ ոլորտում։
Ճապոնիան հրաժարվել էր կետորսությունից մոտ 30 տարի առաջ։ Վերջին շրջանում, սակայն, տեղի ռեստորաններում և սուպերմարկետներում կարելի էր տեսնել կետի միս։ Տոկիոն պնդում է, որ կետորսությունն իրենց ժողովրդի մշակույթի մասն է։
«Ճապոնիայի իշխանությունների որոշումը ցույց է տալիս, որ իրենք չեն ցանկանում քայլել միջազգային հանրության կողքին՝ չխոսելով նույնիսկ մեր օվկիանոսների ապագան և այդ հրաշալի կենդանիներին պահպանելու անհրաժեշտության մասին։ Համաշխարհային օվիկանոսը բախվում է բազմաթիվ խնդիրների ինչպիսիք են պլաստիկ աղբը և ձկնորսության ծավալների մեծացումը։ Լինելով օվկիանոսի ափին գտնվող պետություն և կախված լինելով ծովային ռեսուրսներից՝ Ճապոնիան պետք է գործի ի օգուտ օվկիանոսի առողջացման», - հայտարարել է Greenpeace-ի գործադիր տնօրենը։
Առևտրային նպատակներով կետորսության արգելքը սահմանվել է Կետորսության միջազգային կոմիտեի կողմից 1986 թ․, երբ արդեն ոչնչացման եզրին էին հասել որոշ տեսակներ։ Երկար տարիներ ճապոնացիները «գիտական ուսումնասիրության» անվան տակ կետեր են որսացել և օգտագործել առևտրային նպատակներով։