Պետք է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը DPA լրատվականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության մասին։

Ինչպես նշել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»։

«Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է ավելի լավ արտացոլվի, քան այժմ։ Իմ կարծիքով՝ մեր պատասխանատվությունը բարձրանում է։ Մեզնից սպասելիքները երբեք այդքան մեծ չեն եղել, ինչքան հիմա», - նշել է Մաասը։

Նա խոսել է նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մասին։ Անդրադառնալով Գերմանիայի ռազմական մասնակցության ընդլայնմանը՝ ԱԳ նախարարը նշել է, որ «Բունդեսվերի հզորությունը պետք է օգտագործվի այնպես, որ այն երբեք չծանրաբեռնվի»։

Լրատվականը հիշեցնում է, որ առաջիկա հունվարի 1-ից Գերմանիան երկու տարով դառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։

«Շնորհիվ անդամակցությանը ՄԱԿ-ի ԱԽ-ին, մենք ավելի ենք մոտենում հակամարտությունների կարգավորման գործին։ Գերմանիայի ձայնը լսելի կլինի խնդիրների լուծման գործում։ Մենք չպետք է խուսափենք բարդ լուծումներից», - ասել է նախարարը։

Abendzeitung պարբերականը գրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներ կատարելու մասին խոսակցությունները պտտվում են դեռ 90-ականներից։ Գերմանիան Ճապոնիայի, Բրազիլիայի և Հնդկաստանի հետ միասին հանդես է գալիս խորհրդի մշտական անդամների կազմը մեծացնելու օգտին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.