ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

2019 թ․ մարտին Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«2019 թվականին Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցույթունն ավելի կընդլայնվի։ Դրան կնպաստի մեր պատվիրակության այցը ՆԱՏՕ և Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը Վրաստան, որը տեղի կունենա գալիք տարվա մարտին», - ասել է Վրաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Սթոլթենբերգն այցի ընթացքում կծանոթանա նաև «Վրաստան-ՆԱՏՕ 2019» զորավարժությունների մանրամասներին։
Այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում անցկացվել է համաժողով, որը նվիրված էր վերոնշյալ զորավարժությունների պլանավորմանը։ Նման զորավարժություններ Վրաստանում առաջին անգամ անցկացվել են 2016 թվականին։
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է դեռ 1990-ականներից։ 2002 թ․ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ հայտարարեց Դաշինքին անդամակցելու ցանկության մասին։ Այդ ձգտումը հաստատեց նաև երկրի հաջորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին։
2015-2016 թ․թ․ Վրաստան կատարած այցերի ընթացքում Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն կոնկրետ ժամկետների մասին ոչինչ չի խոսվել։