Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մեր ծրագրերը կապ չունեն ամերիկյան զորքերի դուրսբերման հետ․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու Անկարայի ծրագրերը կապ չունեն ամերիկյան զորքերի դուրսբերման հետ։ Այս մասին Չավուշօղլուն ասել է NTV հեռուստաալիքի եթերում։

«Հեռանան նրանք, թե՝ ոչ, միևնույնն է՝ մենք անելու ենք ամեն բան մեր ազգային անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու համար։ Մեր գործողությունը կախված չէ ամերիկյան զորքերի դուրսբերման հետ», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը տեղի կունենա այն պարագայում, եթե «ապահովվի այն ուժերի անվտանգությունը, որոնք ԱՄՆ-ի հետ միասին կռվել են Իսլամական պետության դեմ»։ Բոլթոնը, մասնավորապես, նկատի է ունեցել քրդական զորամիավորումներին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կառույցներ։

Այս հայտարարությունը բացասական արձագանք գտավ Թուրքիայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մեծ սխալ» համարեց ԱՄՆ-ի այս պահանջը և նշեց, որ Թուրքիան կարող է Սիրիայի հյուսիսում քրդական զորամիավորումների դեմ ռազմական գործողություններ սկսել ցանկացած պահի՝ Բոլթոնի Անկարա կատարած այցի ավարտից հետո։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.