Էրդողանը արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ուղեկցությամբ ժամանել է Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Ռուսաստան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով տեղի ունենալիք բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրին։
Լրատվականի փոխանցմամբ՝ Մոսկվայում Էրդողանին դիմավորելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մոտակա ժամերին կսկսվի երկու երկրների ղեկավարների հանդիպումը», - ասել է լրատվականի զրուցակիցը։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ մոսկովյան այցի ժամանակ Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը և ևս երկու գերատեսչության ղեկավար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացնում էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների հիմնական թեման լինելու է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։