Էրդողանն իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կապված երկրի տարբեր շրջաններում սկսված հակակառավարական ցույցերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Մեր նախագահը կապվել է Վենեսուելայի նախագահի հետ և վերջինիս հայտնել իր աջակցությունը։ «Իմ եղբայր Մադուրո, մենք քեզ հետ ենք»,- ասել է նախագահը։ Թուրքիան մշտապես իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնելու ուժի միջոցով իշխանությունը զավթելու ցանկացած փորձի դեմ», - իր թվիթերյան էջում գրել է Քալընը։

Հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.