Վենեսուելայի իրադարձությունները ցույց են տալիս Արևմուտքի իրական վերաբերմունքը միջազգային իրավունքին․ Զախարովա

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե իրականում ինչպես է Արևմուտքը վերաբերվում միջազգային իրավունքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վենեսուելայի օրինակի վրա պարզ երևում է, թե ինչպես է Արևմուտքի առաջադեմ համայնքն իրականում վերաբերվում միջազգային իրավունքին, ինքնիշխանությանը և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին՝ սեփական ձեռքով այնտեղ իշխանություն փոխելով», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.