Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով

Կիևի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով դատարանի վճռին։

«Չնայած նրան, որ մեղադրյալը չի ընդունում իր մեղքը, դատարանը, լսելով բոլոր վկաների ցուցմունքները, ուսումնասիրելով փորձագետների ապացույցները, իրական ապացույցները, փաստաթղթերը ինչպես նաև երկու կողմի փաստարկները, որոշեց, որ հանցագործություն կատարելու մասին մեղադրանքը հիմնավոր է և ապացուցվել է անհերքելի փաստերով», - ասել է դատավորը։

Հատկանշական է, որ դատարանի վճիռը պետք է իրագործվի հեռակա կարգով, քանի որ մեղադրյալը 2014 թվականից գտնվում է երկրի սահմաններից դուրս։

Կիևի դատարանն սկսել է պետական դավաճանության մասին գործի քննությունը 2017 թվականին։ Սա բազմաթիվ այն քրեական գործերից մեկն է, որոնք Ուկրաինայի ներկայիս իշխանությունները հարուցել են երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ 2014 թ․ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Դատախազությունը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել դատարան Յանուկովիչին ցմահ ազատազրկման դատապարտելու պահաջնով, սակայն ավելի ուշ որոշվեց նախկին նախագահին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Անձամբ Յանուկովիչը կտրականապես հերքում իրեն մեղսագրվող հանցանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.