ԱՄՆ-ում դժգոհում են Իրանի և Թուրքիայի ամբիցիաներից

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատանալ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ազգային հետախուզական կենտրոնի ղեկավար Դեն Քոութսը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների վատացման պատճառը «Թուրքիայի տարածաշրջանային ձգտումներն են, Վաշինգտոնի նկատմամբ վստահության պակասը, ինչպես նաև Թուրքիայի առաջնորդի աճող ավտորիտարիզմը»։ Քոութսը կարծում է, որ այս ամենը ամրապնդում է Անկարայի՝ տարածաշրջանում Վաշինգտոնի նպատակներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը։

Սենատում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններն ավելի են լարվելու։

«Սա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայում այժմ տեղի է ունենում քաղաքական և ազգային ինքնության տրանսֆորմացիա», - շարունակել է Քոութսը։

Անդրադառնալով Իրանին՝ ԱՄՆ-ի ազգային հետախուզական կենտրոնի ղեկավարը նշել է, որ Թեհրանը նույնպես, ամենայն հավանականությամբ, շարունակելու է զարգացնել իր ռազմական պոտենցիալը։

«Իրանի տարածաշրջանային նկրտումները և մարտունակության մակարդակի բարձրացումը, անշուշտ, կարող է սպառնալ ԱՄՆ-ի հետաքրքրություններին արդեն իսկ այս տարի», - շարունակել է Քոութսը։

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների միջև լարվածությունը կապված է, մասնավորապես, Սիրիայի հյուսիսում գործող քրդական զորամիավորումներին ԱՄՆ-ի աջակցության հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորումներ։ Հարաբերությունների վատացման ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ռուսական Ս-400 համակարգի մատակարարման մասին Մոսկվայի և Անկարայի միջև կնքված նախնական համաձայնությունը։

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ նախորդ տարվա մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.