Հրապարակվել է աշխարհի ամենաապահով երկրների ցանկը․ Հայաստանը 62-րդն է
Global Finance ամսագիրը ներկայացրել է 2019 թ․ համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցուցակը։ Այս մասին գրում է Lenta-ն։
Նշվում է, որ մասնագետները հաշվարկել են 128 երկրների անվտանգության ինդեքսը։ Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել տվյալ երկրում ռազմական հակամարտության հավանականությունը, հանցավորության մակարդակը, քաղաքացիների անձնական անվտանգությունը, տնտեսական զարգացման մակարդակը և բնական աղետների հավանականությունը։
Ամենաանվտանգ երկրների առաջին քսանյակում տեղ են գտել զարգացած տնտեսություն և առողջապահական համակարգ ունեցող եվրոպական երկրները։ Ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է Իսլանդիան։ Երկրորդ և երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Շվեյցարիան և Ֆինլանդիան։ Բացի եվրոպական երկրներից, քսանյակում են հայտնվել նաև Կատարը, Սինգապուրը, Նոր Զելանդիան և Կանադան։
Հատկանշական է, որ Ճապոնիան զբաղեցրել է 43-րդ, իսկ Միացյալ Նահանգները՝ 65-րդ տեղը։ Եթե Ճապոնիայի դեպքում նման ցածր ցուցանիշը կապված է բնական աղետների մեծ հավանականության հետ, ապա Միացյալ Նահանգներում հաշվի է առնվել հանցավորության բարձր մակարդակը։
Հայաստանն այս ցանկում զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը մեզնից հետ է մնացել՝ զբաղեցնելով 71-րդ հորիզոնականը։ Մեր հյուսիսային հարևան Վրաստանը 49-րդն է, Իրանը՝ 77-րդը, իսկ Թուրքիան և Ռուսաստանը հայտնվել են, համապատասխանաբար, 107 և 108-րդ տեղերում։
Աշխարհի ամենավտանգավոր պետություների եռյակը եզրափակել են Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները։