Վենեսուելայի վերաբերյալ ԵԽ-ի որոշումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի․ Չավուշօղլու

Եվրոպական Խորհրդարանի՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին երկրի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին հայտարարությունը կարող է հանգեցնել այդ երկրում քաղաքացիական պատերազմի։ Այս մասին Բուխարեստ կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք Վենեսուելայի մասին ԵԽ-ի որոշումը ճիշտ չենք համարում և կարծում ենք, որ երկրի ներքին գործերին միջամտելը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի», - հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Եվրոպական Խորհրդարանը հավանության էր արժանացրել Վենեսուելայի վերաբերյան բանաձևը, ըստ որի՝  Խուան Գուաիդոն ճանաչվում է երկրի ժամանակավոր ղեկավար։ Հատկանշական է, որ ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները չեն ընդունել ընդհանուր որոշում Գուաիդոյին նախագահ ճանաչելու վերաբերյալ՝ նշելով, որ դրա իրավունքն ունեն ԵՄ անդամ 28 պետություններն անհատապես։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.