Էրդողանը քրդական ջոկատներին մի քանի շաբաթ ժամանակ է տվել Մանբիջը լքելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում գործող քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորմանը մի քանի շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի վերջինս դուրս գա Մանբիջից։ Նման հայտարարության Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Եթե ահաբեկիչները մի քանի շաբաթից դուրս չգան Մանբիջից, ապա մեր համբերությունը կսպառվի։ ԱՄՆ-ն պետք է պահի Սիրիայի հարցով Թուրքիային տված խոստումները, հակառակ դեպքում Անկարան ստիպված կլինի քայլեր ձեռնարկել իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի համբերությունը կսպառվի, եթե «Եփրատի արևելյան շրջանների վերահսկողությունը չվերադարձվի տեղի ժողովրդին»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Գերմանիայում ամերիկացի զինվորականների հետ բանակցությունների արդյունքում մշակվել է Մանբիջից քրդական զորաջոկատները դուրս բերելու գործողությունների ծրագիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.