Անկարան դատապարտում է ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին Մակրոնի հայտարարությունը

Թուրքիան խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին։ Հայերի ցեղասպանության մասին պնդումները քաղաքական ստեր են և հակասում են պատմական փաստերին և չունեն իրավական հիմք», - ասվում է Քալընի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հայ համայնքի հետ ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը նշվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։

«Ֆրանսիան գիտի, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915 թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001 թ. ճանաչեց օրենքի ուժով», - ասել էր Մակրոնը՝ հավելելով, որ ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.