ՆԱՏՕ-ն պատրաստվում է նոր անդամներ ներգրավել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին

ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքեր գործադրել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը պահպանելու և դրան նոր անդամներ ավելացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակն առիթ է համաձայնագրի կողմերի թիվն ավելացնելու համար։
«ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել, որպեսզի ամրապնդի համաձայնագիրը և ուժեղացնի զինամթերքի տարածման վերահսկողությունը։ Մենք կուսումնասիրենք այս հարցով նախաձեռնությունները։ Կշարունակենք նաև երկխոսությունը Ռուսաստանի հետ», - հայտարարել է Սթոլթենբերգը։
Նա քննադատել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներից մի քանիսի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող էր 9М729 հրթիռները տեղակայել հեռավոր արևելքում։ Նրա խոսքով՝ միջին հեռահարության հթրիռների նկատմամբ պետք է գործի ամբողջական արգելք։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։