Ուկրաինան արգելել է ՌԴ քաղաքացիներին նախագահական ընտրություններում լինել ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում

Ուկրաինայի Գերագույն Ռադան արգելել է ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի առաջարկած անձանց լինել նախագահական ընտրությունների դիտորդների թվում։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 232 պատգամավոր։ Որոշման ընդունման համար պետք էր 226 ձայն։

Համաձայն որոշման տեքստի՝ նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «դիտորդ չեն կարող լինել անձինք, որոնք ներկայացնում են Գերագույն Ռադայի կողմից ագրեսոր և օկուպանտ ճանաչված պետությունը»։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Թոմաս Ռայները փետրվարի 6-ին հայտարարել էր, որ կազմակերպությունը ԵԱՀԿ անդամ երկրների կողմից ստացել է դիտորդի 92 թեկնածուների մասին առաջարկ, որոնց թվում կա 2 ռուսաստանցի։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Կիևը թույլ չի տա ռուսաստանցիներին որպես դիտորդ մասնակցել Ուկրաինայում տեղի ունեցող ընտրություններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.