Վենեսուելայի իշխանությունները բացահայտել են երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և Կոլումբիայի զինվորականների ծրագրերը

Վենեսուելական բանակի պաշտոնաթող գնդապետ Օսվալդո Գարսիա Պալոմոն, որը ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսին Նիկոլաս Մադուրոյի վրա հարձակում նախապատրաստելու համար, խոստովանել է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության և Կոլումբիայի զինվորականների կողմից պետական հեղաշրջում է նախապատրաստվել Վենեսուելայում։ Այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը։

«Պետական հեղաշրջում կազմակերպելու և նոր հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակներում ցուցմունք է տվել նաև վենեսուելական բանակի նախկին գնդապետ Օսվալդո Գարսիա Պալոմոն», - ասել է նախարարը։

Նա ներկայացրել է ձայնագրություն, որտեղ Պալոմոն պատմում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և կոլումբիացի զինվորականների կապի մասին։ Նրա խոսքով՝ հեղաշրջման ժամանակ պետք է գրավվեր նախագահական պալատը, Կարակասում գտնվող զորամասը և Լա Կարլոտա ավիաբազան։ Պաշտոնաթող գնդապետի խոսքով՝ 2018 թ․ մայիսին ձախողված փորձից հետո հեղաշրջման նոր փորձը պետք է տեղի ունենար 2019 թ․ հունվարին։

Նախարար Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ Պալոմոն պատմել է նաև, որ հեղաշրջման փորձի մասին տեղյակ է եղել Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանթոսը։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.