Պրիշտինայի միակողմանի գործողությունները Բելգրադի հետ երկխոսությունը մտցրել են փակուղի․ Սերբիայի ԱԳ նախարար

Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը մտել է փակուղի Կոսովոյի իշխանությունների միակողմանի գործողությունների պատճառով։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կոսովոյում տիրող իրավիճակի վերաբերյալ նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

«Երկխոսությունը մտել է փակուղի միայն մեկ պատճառով։ Այն է՝ Սերբիայից և Բոսնիա և Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա 100%-անոց մաքսատուրքեր սահմանելու մասին այսպես կոչված Կոսովոյի իշխանությունների միակողմանի գործողությունները։ Այս քայլը դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Անգամ Պրիշտինայի դաշնակիցները կոչ էին արել վերանայել այդ որոշումը», - հայտարարել է Դաչիչը։

Նրա խոսքով՝ Կոսովոյի իշխանությունների գործողությունները «չեն համապատասխանում տարածաշրջանում կայունության հաստատմանը և ամբողջությամբ կանգնեցնում են Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

«Մենք զերծ ենք մնալու հայելային պատասխան տալուց, որը կարող է ավելի սրել իրավիճակը։ Մենք կցուցաբերենք զսպվածություն և պատասխանատվություն», - շարունակել է Սերբիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Սերբիան պատրաստ է շարունակել երկխոսությունը։

Նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Կոսովոն 100%-անոց մաքսատուրքեր էր սահմանել Սերբիայից և Բոսնիա և Հերցեգովինայից ապրանքների ներկրման վրա։ Պրիշտինայի այս որոշումն առաջացրել էր սերբիացիների բողոքը։ Ավելի ուշ Կոսովոյի իշխանությունները որոշեցին մաքսատուրքերը տարածել բոլոր տեսակի ապրանքների վրա, որոնք գալիս էին Սերբիայի կնետրոնական շրջաններից։ Հատկանշական է, որ մաքսատուրքերը վերաբերվում էին նաև Սերբիայից եկող ոչ սերբական ծագման ապրանքներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.