Վաշինգտոնը Կոսովոյի իշխանություններին կոչ է անում վերացնել Սերբիայից ներկրվող ապրանքների վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Կոենը կարծում է, որ Կոսովոյի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Սերբիայից և Բոսնիա և Հերցեգովինայից ապրանքների ներկրման լրացուցիչ մաքսատուրքերը։ Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք նախկինի պես աջակցում ենք ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությանը։ Հիմա յուրահատուկ հնարավորություն կա, որ Սերբիան և Կոսովոն կարողանան կարգավորել հարաբերությունները», - ասել է Կոենը՝ հավելելով, որ դա ամբողջովին հնարավոր է 2019 թվականին։

Նրա խոսքով՝ երկխոսությունը պետք է լինի բոլոր կողմերի առաջնահերթությունը, ինչպես նաև պետք է քայլեր ձեռնարկվեն լարվածությունը թուլացնելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար։

«Կոսովոյի համար սա նշանակում է ապրանքների ներկրման լրացուցիչ մաքսատուրքերի վերացում», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Կոսովոն 100%-անոց մաքսատուրքեր էր սահմանել Սերբիայից և Բոսնիա և Հերցեգովինայից ապրանքների ներկրման վրա։ Պրիշտինայի այս որոշումն առաջացրել էր սերբիացիների բողոքը։ Ավելի ուշ Կոսովոյի իշխանությունները որոշեցին մաքսատուրքերը տարածել բոլոր տեսակի ապրանքների վրա, որոնք գալիս էին Սերբիայի կնետրոնական շրջաններից։ Հատկանշական է, որ մաքսատուրքերը վերաբերվում էին նաև Սերբիայից եկող ոչ սերբական ծագման ապրանքներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.