Իրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագրերը․ Ռոհանի
Թեհրանը շարունակելու է հզորացնել իր ռազմական պոտենցիալը և աշխատել հրթիռային ծրագրերի վրա։ Այս մասին Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր ռազմական հզորությունը։ 40 տարվա ընթացքում, հատկապես՝ վերջին 5 տարում, այս ոլորտում մեր հնարավորությունները զարմացնում են ողջ աշխարհին։ Իրանին պետք չէ ընդարձակվել իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար։ Այսօր Իրանն արտադրում է հրթիռներ, ռազմական ինքնաթիռներ, նավեր, սուզանավեր, զրահամեքենաներ, մի խոսքով՝ զինված ուժերի համար անհրաժեշտ ամեն բան», - ասել է Հասան Ռոհանին։
«Այսօր, երբ մենք տոնում ենք մեր հեղափոխության 40-ամյակը, ԱՄՆ-ն և Իսրայելը մեր դեմ դավադրություններ են կազմակերպում՝ փորձելով ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա և տնտեսական պատժամիջոցներ սահմանել», - շարունակել է Ռոհանին՝ հավաստիացնելով, որ Իրանի թշնամիները չեն կարողանա հասնել իրենց նպատակներին։
1990-ականներից Իրանն զբաղվում է հրթիռային ծրագրերի մշակմամբ։ Թեհրանը նշանակալի հաջողությունների է հասել հատկապես բալիստիկ հրթիռների ոլորտում։ Հատկանշականէ , որ Թեհրանը հրաժարվում է բանակցություններ վարել հրթիռային արդյունաբերությունը սահմանափակելու վերաբերյալ՝ այս որոշումը պատճառաբանելով այն հանգամանքով, որ տարածաշրջանում հակառակորդների զինված ուժերը նույնպես ունեն բալիստիկ հրթիռներ։