ՆԱՏՕ-ն կրկին Թուրքիային առաջարկում է հրաժարվել ռուսական Ս-400 համակարգից

ՆԱՏՕ-ն Թուրքիային առաջարկում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգին այլընտրանքային տարբերակ։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Անկարային տրամադրել հակաօդային պաշտպանության SAMP/T համակարգը։ Սթոլթենբերգը հայտնել է նաև, որ այժմ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի հարցերով։
Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարել էին, որ պատրաստվում են չեղյալ հայտարարել Թուրքիային Patriot համակարգի մատակարարման առաջարկը, եթե Անկարան ձեռք բերի ռուսական Ս-400-ը։
Հիշեցնենք, որ 2017 թ․ դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։