ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախկին ղեկավարն ԱՄՆ-ին մեղադրում է դավաճանության մեջ

ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախկին ղեկավար, Գերմանիայի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Հարալդ Կուայտը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու համար։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այս քայլով ցույց է տալիս, որ հրաժարվում է Եվրոպայի իր դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններից։
«Սա դավաճանություն է եվրոպացի դաշնակիցների անվտանգության նկատմամբ», - հայտարարել է Կուայտը։
Նա հույս է հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնն, այնուամենայնիվ, կկարողանան պահպանել համաձայնագիրը, ինչի համար անհրաժեշտ է վերսկսել փոխադարձ ստուգումները։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան հայելային պատասխան կտա Վաշինգտոնի այս քայլին՝ նույնպես դադարեցնելով իր մասնակցությունը պայմանագրին։