Զախարովան մեկնաբանել է Սկրիպալի առողջական վիճակի վատացման մասին բրիտանական թերթի տարածած տեղեկությունը

Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի վատացման մասին բրիտանական The Sunday Times թերթի հրապարակած լուրը «կառավարելի արտահոսքի» հերթական օրինակ է և խոսում է բրիտանական հատուկ ծառայությունների և ԶԼՄ-ների կապի մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Կառավարելի արտահոսքի հերթական օրինակ։ Բրիտանական հատուկ ծառայությունների և ԶԼՄ-ների ուղիղ կապի մասին փաստող հերթական ապացույցը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։

Ավելի վաղ The Sunday Times թերթը, հղում կատարելով «հատուկ ծառայությունների լավատեղյակ աղբյուրին», գրել էր, որ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է, և բժիշկները նրան օգնություն են ցույց տալիս։ Լրատվականի աղբյուրը հասկացրել էր, որ նրա առողջական վիճակի մասին գուշակություններ անել պետք չէ, քանի որ բավարար տեղեկություններ չկան նյարդապարալիտիկ նյութով թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին։

ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, թունավորվել են նախորդ տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Միջադեպին հաջորդել է միջազգային խոշոր սկանդալ։ Լոնդոնն անմիջապես տեղի ունեցածի մեջ մեղադրեց Մոսկվային։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն Մեծ Բրիտանիան մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը։ Թերեզա Մեյը պնդում էր, որ թունավոր նյութը պատրաստվել է Ռուսաստանում, սական ավելի ուշ Պորտոն Դաուն լաբորատորիայի մասնագետներն այս պնդումը հերքեցին։

Ավելի ուշ Լոնդոնը ներկայացրեց Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց լուսանկարները։ Մեծ Բրիտանիայում պնդում են, որ լուսանկարում ներկայացված անձինք են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բաշիրովը։ Նրանք RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում հայտարարել են, որ այցելել են Բրիտանիա որպես զբոսաշրջիկ և որևէ կապ չունեն հատուկ ծառայությունների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.