Սլովակիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների մասին
Եվրոպական Միության կողմից հնարավոր հակառուսական պատժամիջոցները՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ, լինելու են անհատական սահմանափակումների ընդլայնման տեսքով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Լեհական PAP գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, գրում էր, որ սահմանափակումները վերաբերելու են 8 մարդու, իսկ տեխնիկական դետալները կհստակեցվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ այսօր՝ փետրվարի 18-ին Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է ուկրաինական թեման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելը պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում Մոսկվայի դեմ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։
Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։