Սիրիայի քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում ուժեր տեղակայել Թուրքիայի հետ սահմանին․ AFP

Սիրիայի քրդական զորաջոկատները խնդրանքով դիմել են եվրոպական երկրներին Իսլմական պետության դեմ վերջնական հաղթանակից հետո չհեռանալ տարածաշրջանից և Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանին տեղակայել միջազգային ուժեր։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Հալիլի հայտարարությանը։

«Այս երկրներն ունեն քաղաքական և բարոյական պարտավորություն։ Եթե նրանք չկատարեն այդ պարտավորությունները, ապա կստացվի՝ թողնում են մեզ», - ասել է Հալիլը։ Նա, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիային որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, աջակցել Սիրիայում ամերիկյան զորքերի հեռանալուց հետո այստեղ միջազգային ուժերի տեղակայման գործին։

«Ֆրանսիան կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես գալ մեզ պաշտպանելու առաջարկով։ Փարիզը կարող է առաջարկել մեր և թուրքերի միջև միջազգային ուժեր տեղակայել կամ պաշտպանել մեր օդային տարածքը», - հստակեցրել է քրդերի ներկայացուցիչը։

Նա նաև զգուշացրել է եվրոպական երկրներին և Միացյալ Նահանգներին, որ եթե «նրանք ոչինչ չեն անելու քրդերին պաշտպանելու համար, ապա ճիշտ կլինի՝ պայմանավորվեն սիրիական ռեժիմի հետ, որպեսզի վերջինս իր զինվորականներին ուղարկի Թուրքիայի հետ սահմանային գոտի»։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.