ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է զինծառայողներին ունենալ ինտերնետ հասանելիություն

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է զինվորականներին իրենց ծառայության վերաբերյալ նկարներ տեղադրել համացանցում կամ լրատվության միջոցներում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ զինծառայողներն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այլ պետությունների հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների համար։
Օրենքն արգելելու է զինծառայողներին համացանցում տեղադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեսանյութեր, նկարներ, իր և մյուս զինծառայողների տեղակայման վայրի մասին տեղեկություններ, որոնք թույլ կտան բացահայտել տվյալ զինծառայողի գերատեսչական պատկանելիությունը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
Բացի այդ, զինծառայողներին արգելվելու է նաև ունենալ ցանկացած տեսակի սարք, որը հնարավորություն ունի համացանցին միանալու և նկարներ և այլ նյութեր փոխանցելու։
ՌԴ Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Շամանովի խոսքով՝ այս օրենքը թույլ կտա ապահովել ինչպես զինծառայողների անձնական ապահովությունը, այնպես էլ՝ ամբողջ բանակի անվտանգությունը։