Ճապոնիայի տարածքում կտեղակայվեն ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր
Ճապոնիան իր տարածքում կտեղակայի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Aegis Ashore համակարգեր։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն։
Նրա խոսքով՝ Տոկիոն Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կողմ չէ և որևէ պարտավորություն չունի այդ փաստաթղթի նկատմամբ։
«Ճապոնիան պարտավորություն չունի ՄՑՀՀՊ-ի նկատմամբ և չի կարող խախտել պայմանագրի դրույթները», - ասել է նախարարը։
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան հայտարարել էր, որ Aegis Ashore համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների չեզոքացման համար։
Lenta-ն նշում է, որ Ճապոնիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը կապված է Մոսկվայի դիրքորոշման հետ։ Ռուսաստանը համարում է, որ այս համակարգի տեղակայումը կատարվել է Aegis Ashore-ի կազմի մեջ մտնող Мк-41 կառավարվող հրթիռն այստեղ բերելու նպատակով, իսկ վերջինս խախտում է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթները։
Դեռ 2017 թ․ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մինչև 2023 թ․ Ճապոնիայի կղզիներում տեղակայել երկու Aegis Ashore համակարգ։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան հայելային պատասխան կտա Վաշինգտոնի այս քայլին՝ նույնպես դադարեցնելով իր մասնակցությունը պայմանագրին։