ՆԱՏՕ-ում նյարդայնանում են՝ իմանալով նոր զինատեսակներ մշակելու Մոսկվայի մտադրությունների մասին․ Զախարովա
Հյուսիսատլանտյան Դաշինքը, որը դեռ մեկ տարի առաջ հեգնանքով էր վերաբերվում ռուսական նոր զինատեսակներին, այժմ նյարդայնանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերից, որ այդ զինատեսակները կարող են օգտագործել նաև Մոսկվայի վերաբերյալ վտանգավոր որոշումների կայացման կենտրոնների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, Դաշնային ժողովին արած իր ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված է մշակել և զարգացնել զինատեսակներ, որոնք պետք է օգտագործվեն ոչ միայն այն տարածքներում, որտեղից ուղղակի վտանգ է սպառնում, այլ նաև այն կենտրոնների նկատմամբ, որտեղ կայացվում են որոշումները։
ՆԱՏՕ-ում արձագանքել են Պուտինի այս հայտարարությանը՝ անընդունելի համարելով «Դաշինքի անդամ պետությունները նշանի տակ առնելու» մասին Մոսկվայի սպառնալիքները։
Զախարովան հիշեցրել է, որ նախկինում ՆԱՏՕ-ում հեգնանքով էին վերաբերվում ռուսական զենքերին։
«Նախորդ տարվա սկզբին Դաշնային ժողովի ուղերձի ժամանակ ցուցադրված զինատեսակների մասին մեր արևմուտքի գործընկերներն ասում էին, որ դրանցից չպետք է զգուշանալ։ Նրանք դա համարում էին «Կրեմլի բլեֆ»։ Իսկ այժմ հանկարծ հասկանում են իրավիճակի լրջությունը։ Մի՞թե կարծում էին՝ մենք պետք է դրանցով սելֆի անենք իրենց հետ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի գործողությունները պետք է ընդունել բացառապես որպես «հակառակորդների հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու միջոց»։