Քրդերը ողջունում են Սիրիայի հյուսիսում խաղաղապահների խումբ թողնելու Վաշինգտոնի որոշումը

Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը միավորող ֆեդերացիան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը զորքերը դուրս բերելուց հետո այստեղ 200 հոգանոց խաղաղապահների խումբ թողնելու մասին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։
«Մենք դրական ենք գնահատում Սպիտակ տան որոշումը։ Այս որոշումը կարող է արթնացնել մեր եվրոպացի գործընկերներին», - ասել է Սիրիայի քրդերի ոչ ֆորմալ միավորման ղեկավարներից Աբդուլքարիմ Օմարը։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինծառայողների տեղակայումն այստեղ «մեծ դերակատարություն կունենա տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում»։
«Կարծում եմ, որ այս որոշումը կարող է ճնշում լինել Դամասկոսի վրա, որպեսզի վերջինս լուրջ երկխոսություն սկսի հակամարտության կարգավորման համար», - շարունակել է քրդերի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայում զորքերը դուրս բերելուց հետո արաբական այս երկրում տեղակայել «խաղաղապահների փոքր կոնտինգենտ, որի կազմում կլինի շուրջ 200 ամերիկացի զինծառայող»։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։