ԱՄՆ-ում հասկացել են, որ Փհենյանի հետ պետք չէ վերջնագրերով խոսել․ Լավրով

ԱՄՆ-ում արդեն հասկացել են, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին վերջնագրերով խոսելն անհեռանակար գործ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա չի աշխատում, և ես կարծում եմ, որ ամերիկացիներն իրենք արդեն հասկացել են դա։ Այստեղ կարող է աշխատել միայն փուլային մոտեցումը, որն իր մեջ կներառի ԿԺԴՀ-ի հետ դրական գործողություններ դրական գործողությունների դիմաց։ Ամերիկացի բանակցողների հետ շփումներից մեզ մոտ տպավորություն կա, որ նրանք ամեն ինչ լավ հասկանում են, սակայն շարունակում են հրապարակայնորեն հայտարարել, որ միայն Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը կարող է ինչ-որ դրական քայլերի հանգեցնել», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջազգային հանրությունն անհանգիստ աշխարհում» խորագրով համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Վիետնամում։

Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը, դեռ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Փհենյանը Վաշինգտոնից սպասում է, որ վերջինս քայլեր կձեռնարկի ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ, իսկ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ դժգոհ է ապամիջուկայնացման հարցով ԿԺԴՀ-ի անգործությունից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.