Բրազիլիայի հետ սահմանին բախումներ են սկսվել Մադուրոյի հակառակորդների և վենեսուելացի զինվորականների միջև

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները նոր անկարգություններ են հրահրել բրազիլական Պակարայմա քաղաքում, որը գտնվում է երկու երկրների սահմանին։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով Globo հեռուստաալիքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները, որոնք կողմ են հումանիտար օգնության՝ Վենեսուելա մտնելուն, սկսել են քարեր նետեր Բոլիվարյան Հանրապետության ազգային գվարդիայի ծառայողների ուղղությամբ։ Վերջիններս, իրենց հերթին, արցունքաբեր գազի նռնակներ են նետել ցուցարարների ուղղությամբ։ Նռնակներից մի քանիսն ընկել են Բրազիլիայի տարածք։ Բրազիլացի զինվորականները ստիպված են եղել ցուցարարներին հետ մղել սահմանային գոտուց, որպեսզի հնարավոր լինի խուսափել բախումներից։

Նույն իրավիճակն է եղել նաև փետրվարի 23-ին։ Մարիա Բելանդիան, որին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն նշանակել էր Բրազիլիայում Վենեսուելայի դեսպան, հայտարարել էր, որ հումանիտար օգնության առաջին բեռնատարը շարժվում է դեպի Բոլիվարյան Հանրապետություն։ Ավելի ուշ, սակայն, այս տեղեկությունը հերքվեց։

Բրազիլական Globo հեռուստաընկերության տվյալներով՝ բեռնատարը կարողացել էր հասնել միայն այնտեղ, որտեղ վենեսուելացի զինվորականներն արգելապատնեշներ էին դրել՝ թույլ չտալով բեռնատարին մուտք գործել երկրի տարածք։ Բեռնատարը ստիպված վերադարձել էր Բռազիլիա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլաս Մադուրոն հրամայել է փակել Բրազիլիայի հետ սահմանը։ Նա հայտարարել էր նաև, որ դիտարկվում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հնարավորությունը։

Փետրվարի 20-ին Վենեսուելան անորոշ ժամանակով փակել է Կարիբյան ծովի՝ Նիդերլանդներին պատկանող կղզիների հետ ծովային սահմանը։ Այս որոշումն էլ կայացվել էր ընդդիմության՝ ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը ծովային ճանապարհով երկիր մտցնելու ձգտումների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դեղորայք էր ուղարկել Վենեսուելա։ Իսկ փետրվարի 10-ին էլ Կոլումբիա էր հասել ամերիկյան առաջին ինքնաթիռը՝ լի սննդամթերքով և դեղորայքով։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ուղեբեռը թունավորված է, և արգելափակել էր դրա մուտքը երկիր։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.