Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մայորը մեղադրվում է Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու մեջ

Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանը Սևծովյան նավատորմի մայորին և նրա կողակցին դատապարտել է, համապատասխանաբար, 10 և 9 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը։
Նշվում է, որ երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը և հայտարարել, որ զղջում են։
ԱԴԾ տվյալների համաձայն՝ Աննա Սուխոնոսովային հավաքագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գնդապետ Իգոր Կլիմենոկը։ Սուխոնոսովան էլ, իր հերթին, կազմակերպել է Դմիտրի Դոլգոպոլովի՝ Կիևի հետ համագործակցությունը։
Միասին նրանք հավաքել և ուկրաինական կողմին են հանձնել տեղեկություններ Սևծովյան նավատորմի վերաբերյալ։
Նշվում է, որ ձերբակալվածների դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ կարող է բողոքարկվել։