Լոնդոնում ՌԴ դեսպանը բրիտանական թերթից պահանջում է ներողություն խնդրել իրեն լրտեսության մեջ անհիմն մեղադրելու համար
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Յակովենկոն The Mail on Sunday թերթից պաշտոնական ներողություն է պահանջում իր հասցեին հրապարակված զրպարտության համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ։
«Տեղեկություններն այն մասին, որ Ալեքսանդր Յակովենկոն, աշխատելով Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունում, զբաղվել է լրտեսությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Յակովենկոն ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում է աշխատել 1981-1986 թ․թ․, որից հետո վերադարձել է, քանի որ ավարտվել էր իր գործուղման ժամկետը։ Նրա արտաքսման մասին լուրերը սուտ են», - ասվում է դեսպանության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Բացի այդ՝ դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ դեսպանը պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ բրիտանական հատուկ ծառայությունները ցանկանում են ուժեղացնել հսկողությունը երկրի տարածքում աշխատող ռուս դիվանագետների նկատմամբ։ The Daily Mirror թերթի պնդմամբ՝ նախատեսվում էր հետևել ՌԴ դեսպանության մեքենաների տեղաշարժին, ֆիքսել մեքենաների համարանիշերը, ինչպես նաև պարզել յուրաքանչյուր երթի ժամանակ մեքենայում գտնվող մարդկանց քանակը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին 2018 թ․ մայիսին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո։
Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, թունավորվել են նախորդ տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Միջադեպին հաջորդել է միջազգային խոշոր սկանդալ։ Լոնդոնն անմիջապես տեղի ունեցածի մեջ մեղադրեց Մոսկվային։
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն Մեծ Բրիտանիան մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը։ Թերեզա Մեյը պնդում էր, որ թունավոր նյութը պատրաստվել է Ռուսաստանում, սական ավելի ուշ Պորտոն Դաուն լաբորատորիայի մասնագետներն այս պնդումը հերքեցին։
Ավելի ուշ Լոնդոնը ներկայացրեց Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց լուսանկարները։ Մեծ Բրիտանիայում պնդում են, որ լուսանկարում ներկայացված անձինք են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բաշիրովը։ Նրանք RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում հայտարարել են, որ այցելել են Բրիտանիա որպես զբոսաշրջիկ և որևէ կապ չունեն հատուկ ծառայությունների հետ։