Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը
ԵՄ Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցների ժամկետը։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Հատկանշական է, որ պատժամիջոցների ցանկից հանվել է մեկ անձ։
«ԵՄ Խորհուրդը մինչև 2020 թ․ մարտի 6-ը երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահի և նրա 12 մերձավորների ակտիվների սառեցումը։ Այս անձինք պատասխանատու են Ուկրաինայի պետական միջոցներն աննպատակ վատնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Մեկ անձի նկատմամբ սահմանափակումների ժամկետը չի երկարաձգվել», - ասվում է տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեյ Կլուևը դուրս է հանվել պատժամիջոցների ցուցակից՝ համաձայն ԵՄ դատարանի որոշման։
Այս որոշումը փետրվարի 27-ին հաստատել են ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունը 2014 թ․ պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի 18 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա երկու որդիները, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրանց հետ կապ ունեցող այլ անձինք։