Պուտինը հրամանագիր է ստորագրել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կատարումը դադարեցնելու վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կատարումը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների կողմից պայմանագրի դրույթները չկատարելու պատճառով։ Հատկանշական է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, չի պատրաստվում սահմանային շրջաններում տեղակայել պայմանագրով արգելված հրթիռների տեսակներ։
«ՄՑՀՀՊ-ի դադարեցումը չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք այդ հրթիռներից տեղակայել, սակայն եթե Եվրոպայում հայտնվեն դրանցից, ապա մենք անմիջապես նույն հրթիռներից կտեղակայենք մեզ մոտ», - ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։
Նրա խոսքով՝ այժմ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կսկսեն առաջարկել պայմանագրի վերակնքման նոր տարբերակներ, որոնք պետք է ներառեն նաև այլ պետություններ։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան հայելային պատասխան կտա Վաշինգտոնի այս քայլին՝ նույնպես դադարեցնելով իր մասնակցությունը պայմանագրին։