Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել էին 2014 թ․ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կոնգրես ուղարկված զեկույցում նշվում է, որ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ սահմանված պատժամիջոցները կշարունակեն գործել մարտի 6-ից հետո մեկ տարի ևս։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվայի գործողություններն սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը և կայունությանը։ Բացի այդ, ռուսական իշխանությունների ուժային որոշումներն իրենցից չափազանց մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել են Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակից հետո, երբ վերջինս հանրաքվեի արդյունքում միացավ Ռուսաստանին։ Արևմուտքի երկրները Մոսկվային մեղադրեցին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ և պատժամիջոցներ սահմանեցին նրա նկատմամբ։
Մոսկվան հայելային պատասխան տվեց՝ հերքելով բոլոր մեղադրանքները և հայտարարելով, որ իր հետ սպառնալիքի լեզվով խոսելն անօգուտ է։ Վերջերս Արևմուտքում սկսել են հաճախ հնչել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մասին հայտարարություններ։