Թրամփը երկարաձգել է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների ժամկետները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է մի շարք պատժամիջոցների ժամկետներ, որոնք սահմանվել էին Վենեսուելայի մի շարք ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ դեռ 2015 թ․ մարտին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան՝ Կոնգրես ուղարկած ծանուցման մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ Վենեսուելայում տիրող իրավիճակը «շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և կայունության համար»։
«Այդ իսկ պատճառով էլ, ես երկարաձգում եմ պատժամիջոցային արտակարգ դրությունը՝ հայտարարված 13692 թվակիր հրամանագրով», - ասվում է Թրամփի ծանուցման տեքստում։
Տվյալ պարագայում խոսքը պատժամիջոցային բոլոր ուղղությունների մասին է, որ Միացյալ Նահանգները վերջին շրջանում սահմանել էր Վենեսուելայի քաղաքական ղեկավարության, զինված ուժերի հրամանատարության, ինչպես նաև նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավոր շրջապատի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։