Կարակասում հաջողվել է ժամանակավորապես վերականգնել էլեկտրամատակարարումը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել է մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել է։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Տեղի ժամանակով 00։45-ի սահմաններում հաջողվել է վերակագնել Կարակասի Լաս Մերսեդես թաղամասի, ինչպես նաև քաղաքի հարակից Չակաո և Ալտամիրա բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Կրկին վառվել են փողոցների և բազմաթիվ շենքերի լույսեր։ Ավելի վաղ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման մասին հայտնել էին սոցցանցերի օգտատերերը։
Հասարակական շենքերի էլեկտրամատակարարումը հաջողվել էր վերականգնել այլ աղբյուրներով։
Փողոցների և շենքերի լույսերը միացած մնացին մոտ տասը րոպե։ Հաջորդող ժամերի ընթացքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու այլ փորձեր չեն ձեռնարկվել։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։