Վենեսուելական բանակը վերահսկողության տակ է վերցրել երկրի էլեկտրամատակարարման օբյեկտները

Վենեսուելայի բանակը հսկողության տակ է վերցրել երկրի էլեկտրամատակարարման հարցով ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, իսկ էլեկտրամատակարարման գծերը գտնվում են օդային հսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։

«Մենք կոշտ ենք մեր ազգային էներգահամակարգը պաշտպանելու և յուրաքանչյուր հարձակում կանխելու հարցում», - ասել է նախարարը։

Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հրահանգել էր ապահովել էլեկտրաէներգիայի անխափան  մատակարարումը երկրում խոշորածավալ հոսանքազրկումների ֆոնին։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։

Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։

Այս կապակցությամբ Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.