Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել երկրում

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր ղեկավար, պատրաստվում է դիմել խորհրդարանին երկրում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով։

Գուաիդոյի կարծիքով՝ արտակարգ դրությունը կարող է օգնել այլ պետություններից օգնություն ստանալու հարցում։ Մասնավորապես, այս հարցով բանակցություններ են վարվել Գերմանիայի, Ճապոնիայի, Բրազիլիայի և Կոլումբիայի հետ։

«Մենք չենք կարող մեր ժողովրդին թողնել առանց օգնության», - ասել է Գուաիդոն։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։

Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։

Այս կապակցությամբ Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.