Բրյուսելը չի պատրաստվում առաջիկայում բանակցություններ ունենալ Լոնդոնի հետ Brexit-ի հարցով
Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որի ընթացքում քննարկվել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու (Brexit) հարցը։ Նրանք, սակայն, չեն պայմանավորվել այս թեմայով հանդիպում անցկացնել մոտակա օրերին։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպական Հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարգարիտիս Սխինասը։
«Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Թերեզա Մեյի հետ, որի ընթացքում քննարկվել է Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Յունկերը հաստատել է մինչև մարտի 29-ը համաձայնագիրը վավերացնելու մեր պատրաստակամությունը, այնպես որ, գնդակը հիմա Մեծ Բրիտանիայի դաշտում է։ Եվրահանձնաժողովը չի նախապատրաստում որևէ նոր հանդիպում Լոնդոնի ներկայացուցիչների հետ», - ասել է Սխինասը։
Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, և իրենք պնդում են, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի տեքտսը չպետք է փոփոխության ենթարկվի։
Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները հավանության չէին արժանացրել Եվրոպական Միության հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքը։ Քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ էր արտահայտվել համաձայնագրին։ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին կողմ էր քվեարկել ընդամենը 202 պատգամավոր։ Վերջին 95 տարվա ընթացքում սա ամենախոշոր պարտությունն էր, որը կրում է Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանում։
Ձախողված համաձայնագիրը հաստափոր փաստաթուղթ է, որտեղ հստակեցված չէ Brexit-ի ամենակարևոր հարցերից մեկը՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հսկիչ ռեժիմի հարցը։ Կողմերը միայն պայմանավորվել են այդ հարցը լուծել մինչև 2020 թվականը։
Հիշեցնենք, որ Brexit-ը պետք է տեղի ունենա մինչև մարտի 29-ը։