Փհենյանը պատրաստակամություն է հայտնում ապամիջուկայնացում կատարելու և Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակելու

Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման վերաբերյալ իր հանձնառություններին և պատրաստակամություն է հայտնում ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու։ Այս մասին ասվում է կորեական Uriminzokkiri պորտալում տեղ գտած հոդվածում, որն ստացել էր «Ճանապարհ դեպի ամբողջական ապամիջուկայնացում․ մեր անսասան դիրքորոշումը» վերնագիրը։

«Մեր կտրուկ դիրքորոշումն այն է, որ պետք է նոր հարաբերություններ ձևավորվեն երկու պետությունների միջև, և այդ հարաբերությունները պետք է համապատասխանեն նոր հարյուրամյակի պահանջներին, ինչպես նաև հող նախապատրաստվի ամբողջական ապամիջուկայնացման և Կորեական թերակղզում խաղաղության և կայունության հաստատման համար», - գրում է հոդվածի հեղինակը։

Նշվում է նաև, որ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև Հանոյում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկխոսությունը շարունակելու և խնդրի լուծման ճանապարհներ փնտրելու հարցում։

Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են արդյունավետ երկխոսույթուն, և հույս հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ կունենան երկարամյա հաջող համագործակցություն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել՝ ողջունելով Փհենյանում ամերիկյան կոորդինացիոն բյուրո բացելու առաջարկը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել և փաստաթուղթ ստորագրել՝ չնայած հայտարարվել է «արդյունավետ երկխոսություն ունենալու» մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.