Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել երկիրը լքելու համար

Ամերիկացի բոլոր դիվանագետները պետք է լքեն Վենեսուելայի տարածքը 72 ժամվա ընթացքում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը։

Ավելի վաղ Վենեսուելայում հավատարմագրված ամերիկացի բոլոր դիվանագետներին հետ կանչելու մտադրության մասին հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նա նշել էր, որ ամերիկացիների դիվանագետների՝ Բոլիվարյան Հանրապետությունում գտնվելը զսպող միջոց է ամերիկյան քաղաքականության համար, սակայն չէր նշել, թե ինչպես է այն դրսևորվում։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.