Չենք ցանկանում, որ մեր եվրոպացի գործընկերները կախվածության մեջ ընկնեն ռուսական գազից․ Պոմպեո
Վաշինգտոնը չի ցանկանում, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները «Հյուսիսային հոսք-2» ծրագրի իրականացումից հետո կախվածության մեջ լինեն ռուսական գազից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտողւար Մայք Պոմպեոն։
«Մենք չենք ցանկանում, որ մեր եվրոպացի գործընկերները «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումից հետո նստեն ռուսական գազի վրա։ Մենք ինքներս չենք ցանկանում կախված լինել վենեսուելական նավթից», - ասել է Պոմպեոն։
Նա նշել է, որ Միացյալ Նհանագները ցանկանում է «իր ընկերներին ապահովել էներգամատակարարման դիվերսիֆիկացիայով»։ Այս համատեքստում Պոմպեոն կարևորել է մասնավոր ընկերությունների դերը բնական գազի՝ Լեհաստան արտահանելու հարցում։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Բեռլինը կվերանայի իր դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ և կկասեցնի դրա շինարարությունը։
«Այստեղ ամեն ինչ պարզ է։ Գերմանիան իր փողերը տալիս է ռուսներին, մինչդեռ իր անվտանգությունն ապահովում են ուրիշները։ Մենք կոչ ենք անում իրենց դադարեցնել այդ գազատարի կառուցումը և դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը», - ասել է Մայք Պոմպեոն։
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։
Բացի այդ՝ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը չեն հաստատել ծրագրի իրականացումը։ Այս երկրների ղեկավարները համոզված են, որ ծրագիրը քաղաքական է։