Թեհրանը խոստանում է կոշտ պատասխան տալ Իսրայելին, եթե վերջինս փորձի արգելափակել իրանական նավերի գործունեությունը

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելին, եթե վերջինիս ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի՝ ծովային ճանապարհով կատարվող առևտուրը։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Հաթամին նշել է, որ նման գործողությունները կդիտարկվեն որպես «կողոպուտ և սպառնալիք միջազգային անվտանգությանը»։

«Եթե նման բան տեղի ունենա, Իրանը կոշտ պատասխան կտա։ Մեր պետությունը բավարար միջոցներ ունի, որպեսզի դիմադրություն ցույց տա։ Բացի այդ, միջազգային հանրությունը նույնպես չի ընդունի Իսրայելի նման գործողությունները», - հայտարարել է նախարարը։

Նա հավելել է նաև, որ Իրանի զինված ուժերն ապահովելու են «միջազգային ծովային երթուղու անվտանգությունն իր նավերի և իր պատասխանատվության տակ ընկնող բոլոր սուբյեկտների համար»։

Իրանական նավերն արգելափակելու մասին մարտի 6-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա նշել էր, որ Թեհրանը փորձում է շրջանցել միջազգային պատժամիջոցները՝ իր նավթը ծովային մաքսանենգ ճանապարհով արտահանելով։

Նախորդ տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.