Պատրաստ ենք հնարավոր բոլոր ճնշումները գործադրել Վենեսուելայի վրա․ Պոմպեո

Վաշինգտոնը տրամադրված է այնպես, որ անհրաժեշտության դեպքում բանեցնի տնտեսական բոլոր հնարավոր լծակները Կարակասի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Այս մասին Հյուսթոնում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք պատրաստ ենք բոլոր հասանելի տնտեսական ճնշումները գործադրել Վենեսուելայի վրա», - ասել է Պոմպեոն։

Նա հիշեցրել է, որ Կարակասի նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցները, սակայն իրենք «հույս ունեն, որ իրավիճակն այդ երկրում դրական հանգուցալուծում կստանա»։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.