Չինաստանը պատրաստ է օգնություն տրամադրել Վենեսուելային էլեկտրամատակարարման համակարգը վերականգնելու հարցում

Չինաստանը պատրաստ է օգնություն տրամադրել Վենեսուելային էլեկտրամատակարարման մասշտաբային դադարի վնասը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։

«Մենք հույս ունենք, որ Վենեսուելայի իշխանությունները կարող են ստեղծված իրավիճակից ելք գտնել և վերականգնել սոցիալական համակարգի բնականոն գործունեությունը։ Չինաստանը պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել Վենեսուելային այս հարցում», -  ասել է ԱԳ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ մի քանի օր երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարը լրջագույն խնդիրների պատճառ է դարձել։

Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ՄԱԿ-ին, Ռուսաստանին, Չինաստնին, Իրանին և Կուբային, որպեսզի վերջիններս օգնեն երկրի էլեկտրամատակարարման համակարգի վրա կատարված հարձակման հետաքննության հարցում։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։

Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.