«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը կատարված է 34%-ով
«Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցվել է 34%-ով, և այսօր արդեն կա մոտ 830 կիլոմետրանոց խողովակաշար՝ անցկացված Բալթիկ ծովի հատակով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Գազպրոմ» ընկերության հայտարարությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակվել են «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Միլերի և «Յունիփեր» դիտորդական ընկերության («Հյուսիսային հոսք-2» ծրագրի շրջանակներում «Գազպրոմ»-ի գործընկերներից մեկն է) ղեկավար Բեռնարդ Ռոյթերսբերգի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ներկայիս հարցերը և ռուսական գազի մատակարարման մանրամասները։
Մարտի 12-ին Եվրոպական Խորհրդարանը հավանության էր արժանացրել ՌԴ-ի և ԵՄ-ի միջև քաղաքական հարաբերություննեի վերաբերյալ զեկույցը, որտեղ առաջարկվում էր դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, իսկ Ռուսաստանն այլևս չէր ընդունվում որպես Եվրամիության ռազմավարական գործընկեր։
«Յունիփեր» ընկերության ղեկավարը չի մեկնաբանել զեկույցը և հույս է հայտնել, որ ծրագիրն, ամեն դեպքում, կիրականանա։
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։
Բացի այդ՝ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը չեն հաստատել ծրագրի իրականացումը։ Այս երկրների ղեկավարները համոզված են, որ ծրագիրը քաղաքական է։